Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Միշտ ջահել Վանիկ Սանթրյանը

Միշտ ջահել Վանիկ Սանթրյանը
24.03.2017 | 11:09

Ես ու դու միասին ոչ մի լուսանկար այդպես էլ չունեցանք, ու դրա բացատրությունը դու էիր հումորով տալիս՝ «Ես քեզ եմ նկարել, դու՝ ինձ - ո՞նց կունենանք»:
Վանիկ սիրելի, հարյուր տարվա իմ ընկեր: Անհանգիստ, պրպտող, միշտ ջահել, միշտ հարեհաս… Լրագրող՝ այդ բառի ամենամասնագիտական առումով: Նաև գրող և գեղանկարիչ: ՈՒ, ամենակարևորը, որ զարդարում էր քեզ՝ համեստ ու երբեք անձդ չցուցադրող: Ասենք, ի՞նչ ցուցադրեիր՝ դու բաց ափի պարզությամբ բոլորին ճանաչելի, բոլորին սիրելի էիր, ջահել լրագրողների ուսուցիչը, հումորախեղդ պատումներդ լսողներին՝ մշտապես պահանջված զրուցակից:
Քո ծնողները, սիրելի Վանիկ, երկար ապրեցին. մայրդ` 82, հայրդ` 92 տարի, դու մեզնից հեռանում ես մորդ հեռացման տարիքում՝ 82-ում: Քո ամբողջ կյանքը վազք էր, մարաթոնյան, որ զարմացրիր, երբ հանկարծ քեզ չտեսանք մշակութային վերջին միջոցառմանը:
Համալսարանի բանասիրականն ավարտելուց անմիջապես հետո դու «Երեկոյան Երևան» թերթում էիր, հետո, կարծես թե, «Արմենպրեսում» հասցրիր ծերանալ: Բայց Վանիկին ի՞նչ ծերանալ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիրը քեզ համարում էր իր կոլեկտիվի ամենաջահել թղթակիցը: Դու այդ ի՜նչ եռանդի տեր էիր՝ քո անբաժան ուսապայուսակով ու ձայնագրիչով բոլոր այն տեղերում էիր, ուր մշակութային միջոցառումներ էին: Ոչ հոգնել, ոչ ձանձրանալ, ոչ տրտնջալ, ոչ բողոքել… դու ամենուր էիր, և՝ նույն օրվա իրադարձությունն էլ նույն օրը լուսաբանող օպերատիվ լրագրողը: Ա՜յ քեզ Վանիկ: Դու՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ, ԽՍՀՄ և Հայաստանի գրողների միությունների անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ: Գործուղումների մեկնածդ քաղաքների աշխարհագրությունը… ամբողջ երկրագունդն է՝ թվարկե՞լ կլինի բոլոր այն երկրներն ու քաղաքները, որտեղ հայկական օջախներ կան, ու դու՝ դրանք Հայաստանի հետ կապող օղակ որպես, գնում էիր ու քո տպավորությամբ չափազանց ծանրաբեռ վերադառնում ու քո գրագետ շարադրանքով մաս-մաս բաշխում էիր մեզ:
Եվ՝ առայժմ այսօրվա գրածիս վերջինը. սիրելի Վանիկ, քո «Տաղանդների տաղավարում» գիրքը, երկու հատորից հետո, շարունակություն պիտի ունենար (դու այդպես էիր խոստացել): Թե կիսատ է մնացել՝ անհոգ գնա, սիրելի ընկեր, լրացումը մենք կանենք՝ քո ոճով, պարոդիայի վարպետ քո հումորով… և այնտեղ՝ Երկնային հեռուներում, հոգիդ խաղաղ կմնա:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ